Ստամբուլի Հայկական կենտրոնական վարժարան

Բարձրագույն կրթական այս հաստատությունը հիմնվել է 1886-ին Կոստանդնուպոլսի Ղալաթիո թաղամասում` պատրիարք Ն. Վարժապետյանի և հայ մտավորականության առաջավոր ներկայացուցիչների ջանքերով: Նպատակն էր սաներին տալ հայեցի կրթություն, Պոլսի և գավառների հայկական դպրոցների համար ուսուցիչներ պատրաստել:

Այստեղ դասավանդել են այնպիսի հեղինակավոր անձինք, ինչպիսիք են Հովսեփ Շիշմանյանը /Ծերենց/, Թ. Կյուլեսերյանը, Պերպերյանը, Եղիշե Տեմիրճիպաշյանը, Հակոբ Պարոնյանը, Հակոբ Ասատուրը, Հակոբ Օշականը, Լևոն Շանթը, Վահան Թեքեյանը, Գարեգին Սրվանձտյանը և այլք: Դասավանդել է նաև Կոմիտասը:

Կեդրոնական վարժարանում ոչ միայն դասավանդել են երևելիները, այլև ուսանել են շատ գրողներ, գրականագետներ, լեզվաբաններ` Հրաչյա Աճառյանը, Հակոբ Սիրունին, Միսաք Մեծարենցը, Հակոբ Մնձուրին, Երուխանը և ուրիշներ:

Պոլսահայերը, մասնավորապես Կեդրոնականի ուսուցիչները, աշակերտները կարողանում են պահել, պահպանել մեր հոգևոր արժեքները և վարժարանն ավարտելուց հետո հեռանում` զինված բարձր գիտելիքներով, ինչպես խոստովանում է Դարա Խաչիկօղլուն. «Հիմա ավելի հետաքրքիր եմ կյանքի օրվա դեպքերու հանդեպ: Կեդրոնական հաճախելով` թե´ համայնքեն չհեռացա, թե´ մեր մշակույթի և պատմության մասին ավելի ընդարձակ տեղեկություն ունեցա»:

Իսկ Սարվեն Կեօզյուրքչյուքը գրում է. «Ահա վարժարանիս ինծի սորվեցուցած ամենակարեւոր բանը` աշխատիլ, աշխատիլ…»:

Ազգային Կեդրոնական վարժարանը բոլորում է իր հիմնադրման 125-ամյակը: Թե´ հնօրյա, թե´ նորօրյա վարժարանը Ստամբուլում գործող հայկական առաջնակարգ կրթական հաստատությունն է համարվում և շարունակում է նախնյաց ավանդույթները` հիմնավորապես կրթելով հայորդիներին:

Տարեցտարի Ստամբուլում կրճատվում են հայկական դպրոցները: Ազգային Կեդրոնական վարժարանն իր վաղեմի և այժմյան համբավով մնում է դեռևս կայուն և նախընտրելի:

«Ստամբուլում գործող հայկական 16 կրթօջախների ճակատագիրը անկանխատեսելի է. պոլսահայերից շատերը արտագաղթում են, մի մասը նախընտրում է իրենց երեխաներին տալ թուրքական, անգլիական, գերմանական դպրոցներ, որտեղ կրթական որակն ավելի բարձր է և զգալիորեն հեշտացնում է հետագայում համալսարաններ ընդունվելու հարցը»,- գրում է Ռուբեն Մելիքյանը:

Այս պարագայում Ազգային Կեդրոնական վարժարանը ազգահավաք, լեզվապահպան մեծ դեր է կատարում. աշակերտների առավելագույն շարժ կա դեպի Կեդրոնական: Բարձր է ուսման մակարդակը, որի շնորհիվ աշակերտների 95%-ը ընդունվում է իր ընտրած համալսարանը: Կեդրոնականը ժամանակի հոլովույթում պահել ու պահպանել է իր ուրույն դիմագիծը այնպես, ինչպես Թուրքիայի տարածքում գտնվող սակավաթիվ եկեղեցիները, որոնք չեն ավերվել, չեն զրկվել խաչից ու պատարագից:

Հայկական կրթօջախները աշխարհի բոլոր ծայրերում օազիսներ են, փրկության հանգրվաններ, որոնց շնորհիվ հայորդիների շուրթերից չեն կորչում մեր այբն ու բենը, չեն մոռացվում Նարեկացին ու Կոմիտասը, չի փոշիանում մեր ազգային ինքնությունը:

Leave a comment