Կարոտած զգացողությունները

Դժվար է կարոտով մնալ այն զգացողություններին որոնց սպասում ես երկար ժամանակ, որի մեջ դու հիմա ապրում ես, բայց չես տեսնում։Դեկտեմբերի ամսի առաջին օրերից սպասում եմ, թե երբ է մեր քաղաքը ծածկվելու ձյան, թեկուզ բարակ շերտով, երբ եմ քայլելու ձյան վրայով, ու զգամ ինձ այդքան հաճելի ձյան խրթխրթոցը։ Երկար սպասեցի այս զգացողություններին, տեսա այս ամենը, սակայն ոչ Երևանում, այլ սարերի մեջ ընկած, լքված և միևնույն ժամանակ շատ լուսավոր վայրում` Արատեսում։ Վայրի, գյուղական և ամայի տարածքը կրկնապատում էր զգացողություններս։ Սահնակներով սլանում էինք Արատեսյան հին սարերի լանջերից, ճանապարհին մտածելով, թե ինչպես ենք այսքանը ետ բարձրանալու։ Ամենալավ տպավորություններից էր նաև այն, որ դրսում ձների մեջ թափառելուց հետո բոլորով նստում էինք վառարանի շուրջը, և բուռն քննարկումների ներքո տաքանում, վայելելով վառարանի վրա պատրաստվող գյուղական կարտոֆիլը։
Արատեսի մասին քչերը լսած կլինեն, սովորաբար գեղեցիկ վայրերի մասին քչերն են իմանում։Այս փոքր գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում, Վարդենիսի լեռների հարավային մասերին, Արատես գետի հովտում։Գյուղը վերաբնակեցվել է 1980ական թվականներին և մինչ օրս անմարդաբնակ է։Գյուղում կա եկեղեցի, որը նույնպես չի գործում փլուզման պատճառով։
Գետեր, սարեր, լռություն, հանգստություն թվում է թե ամեն ինչ կատարյալ է, բայց հենց մի պահ մտածում ես բնապահպանական խնդիրների մասին, հասկանում ես, որ շուտով այս տեղն էլ կանհետանա։Խոսքը գետերի վրա կառուցվող ՀԷԿ երի մասին է։ Մոտակայքի խոշոր գետը Եղեգիսն է, որի 47 կմ երկարության վրա կա արդեն 17 ՀԷԿ, որոնցից 9ը Արատեսի և մոտակա գյուղերի տարածքում։Այս անգամ նորից բնապահպանական թեքումով դեպի հարավ։ Չնայած ձյան շերտի բարձրությանը, կտրեցինք 4 կմ և հասանք մոտակա գյուղ` հարցազրույց վերցնելու։Գյուղացիները բնականաբար դժգոհում էին ՀԷԿ երից և գետի ցամաքեցումից, իսկ իմ հարցին, թե չեն օգտվում արդյոք նրանք ՀԷԿ երի արտադրած էլէկտրոէներգիայից, պատասխանեցին` ոչ մի գրամ։
Բնապահպանական խնդիրները ամենուր են, բայց գոնե մի անագամ փորձեմ դրանք շրջանցել:
Այսպիսի հանգստյան օրեր իմ կյանքում հազվադեպ են լինում։ Երբ սիրելի մարդկանց հետ մի վայրում ես ու օր ու գիշեր միասին լինելու, միասին խենթանալու հնարավորություն ունես:

Leave a comment